2015-ի հունվարի 1-ից Մաքսային միության տարածքում (ուր մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը) կարգելվի աջ ղեկով ամեն տեսակի մեքենաների ներկրումը։ Նման սահմանափակումը նախատեսված է «Անիվներով տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական ռեգլամենտով, տեղեկացնում է Gezitter.org-ը։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը, որը գործելու է Մաքսային միության տարածքում։
Ավելի վաղ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին համաձայնագրի քննարկումներին ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրել էր, որ միությանն անդամակցելուց հետո ՀՀ-ն մեքենաների ներկրման հնգամյա արտոնություն կստանա։ Այդ ժամանակահատվածում երրորդ երկրից մեքենաների ներկրման համար մաքսատուրքերը պահպանվելու են։
«Մինչև 2020 թվականը երրորդ երկրից մեքենաները Հայաստան կներկրվեն հին տարիֆներով՝ 10%», - նշել էր Կարայանը։
Փոխնախարարը նաև նշել էր, որ ներկրված ու մինչև 2014-ի հոկտեմբերի 10-ը մաքսազերծված մեքենաները կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՏՄ տարածքում։
«Իսկ այն մեքենաների համար, որոնք ԵՏՄ տարածքում այդ ժամանակահատվածից հետո են մաքսազերծվել, անհրաժեշտ կլինի մուծել ՀՀ-ում ու ԵՏՄ-ում մաքսատուրքի տարբերությունը», - նշել էր նա։
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը:
Ըստ ստորագրված պայմանավորվածությունների, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո: