7 հուլիսի 2006 - 19:10 AMT
Ավարտված են Ա-320-ի թռիչքի մոդելավորման աշխատանքները
Տուլուզում Միջկառավարական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ավարտել է Ա-320-ի վերջին, վթարային չվերթի մոդելավորման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Հայաստանի Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, մոդելավորումը իրականացվել է Airbus SAS ընկերությունում` Հայաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետազոտական վերլուծական բյուրոյի մասնագետների մասնակցությամբ: Վթարի հետեւանքներն ուսումնասիրող Հանձնաժողովի մասնագետները հատուկ սարքի միջոցով կարողացել են վերականգնել ինքնաթիռի վերջին թռիչքի մոդելը` համադրելով ձայնային եւ պարամետրային ինքնագրիչների տվյալները:

Ինչպես նշել է Գ. Դավթյանը, արդյունքում հայտնաբերվել են նոր կարեւոր տեղեկություններ, որոնք կհամեմատվեն արդեն եղած տվյալների հետ, ինչից հետո ՄԱԿ-ը հանձնախմբին կներկայացնի վերջանական եզրակացությունը: ՄԱԿ-ի ենթահանձախմբերի պրոֆեսիոնալ քննարկումները կավարտվեն հուլիսի 10-ին: Հայաստանը մոդելավորման աշխատանքներում ներկայացրել է ՔԱԳՎ թռիչքների անվտանգության տեսչության ղեկավարի տեղակալ Գագիլ Գալստյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: