2014-2015 թթ. Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը ապաստան տրամադրելու խնդրանքով 74 դիմում է ստացել Ուկրաինայի քաղաքացիներից 141 մարդու համար: Այդ մասին, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպմանը հայտարարել է Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, հավելելով, որ նրանցից 17-ն ազգությամբ ուկրաինացի են, 7-ը՝ ռուս, մյուսները՝ հայ: Դեսպանին ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման ընթացքը, նշվել է, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը:
Դեսպան Կուխտայի խնդրանքով` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրեց վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, հայտնում է Armenia Today-ը:
Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: