Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը համաձայնվել է 17,5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային առաջիկա չորս տարվա համար: Դա թույլ կտա երկրին խուսափել սնանկությունից. Ուկրաինան չի կարողանում վճարել ընթացիկ պարտքերը: Կառավարությունը հուսով է, որ ԱՄՀ-ին կհաջորդեն մյուս դոնորները, սակայն դա կախված կլինի իշխանությունների ակտիվությունից երկրի տնտեսության բավականին ցավոտ բարեփոխման ուղղությամբ, գրում է Գազետա.ռու-ն:
Ինչպես ասվում է հոդվածում, այժմ Ուկրաինան կարող է հանգիստ շունչ քաշել, քանի որ մարտի 11-ին ԱՄՀ Խորհուրդը դրական վճիռ կայացրեց, որի համաձայն երկրին մոտ 17,5 մլրդ դոլար կհատկացվի ընդլայնված ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակում, որը նախատեսված է 4 տարվա համար:
Փոխառության տրամադրման պայմանները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ ծրագրով նախատեսվում է բարձրացնել գազի սակագինը բնակչության համար, վերափոխել բանկային հատվածը, բարեփոխել պետձեռնարկությունների կառավարումը, իրավաբանական փոփոխություններ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում և ապահովել օրենքի գերակայության սկզբունքը:
Սակայն, ինչպես գտնում է հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, «նոր ընդլայնված քառամյա ծրագիրը թույլ կտա աջակցել տնտեսությանը և բարեփոխումներ անցկացնել, որոնք կայուն աճ կապահովեն միջնաժամկետ հեռանկարում և թույլ կտան բարձրացնել ուկրաինացիների կենսամակարդակը»,-մեջբերում է պարբերականը հիմնադրամի ղեկավարի խոսքը:
Միևնույն ժամանակ ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի դիմումով առաջին դրամաբաժնով երկիրը նախատեսում է ստանալ մոտ 5 մլրդ դոլար:
Նշվում է, որ այն ակնկալվում է ստանալ մինչև մարտի վերջ, նույնքան սպասվում է մինչև տարեվերջ: Պարբերականը նշում է, որ ԱՄՀ-ից բացի, Ուկրաինան մտադիր է օգնություն հայցել նաև այլ ֆինանսական կառույցներից, որի շնորհիվ ընդհանուր աջակցությունը երկրի տնտեսությանը կարող է աճել երկու անգամ և կկազմի մոտ 40 մլրդ դոլար:
Ավելի վաղ արդեն գրվել էր, որ ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստին ընդառաջ երկիրը կատարել է հիմնադրամի բոլոր պահանջները:
Մինչև 2016-ի հունվարի 1-ը աշխատող թոշակառուներին տրվող վճարումները կրճատվել են 15 տոկոսով, գազի գինը բնակչության համար աճել է 3,3 անգամ, ջեռուցումը թանկացել է 71,8 տոկոսով, իսկ պարենային ապրանքների գները ավելացել են միջինը 30-40 տոկոսով:
«Ուկրաինան կարողացավ լուծել իր առաջնահերթ խնդիրները. կրճատել «Նաֆտոգազի», կենսաթոշակային հիմնադրամի պակասուրդը», -պարզաբանում է Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնտեսական հարցերի գծով ավագ վերլուծաբան Ալեքսանդր Ժոլուդը:
Ուստի, ինչպես ասվում է հոդվածում, հիմնադրամի դրական որոշումն անսպասելի չէր վերլուծաբանենրի համար: Հնարավոր դրական որոշման մասին բազմիցս է ասել նաև երկրի ղեկավարությունը:
«Մենք դրական որոշում ենք ակնկալում Ուկրաինայի համար ԱՄՀ-ից»,-ասել էր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում:
Սակայն, ինչպես խոստովանել է Յացենյուկը, Ուկրաինայի քաղաքացիների եկամուտները հազիվ թե աճեն: ԱՄՀ միջոցներն անմիջապես չեն ուղղվի սոցվճարումների: Առաջին դրամաբաժնի մոտ 2,7 մլրդ դոլարը կուղղվի բյուջեի համալրմանը, իսկ մնացած փողը՝ Ազգային բանկ:
Ինչպես ասել է վերլուծաբան Ալեքսանդր Ժոլուդը, մնացած միջոցները թույլ կան երկրին մարել արտաքին փոխառությունների մի մասը:
Այս տարի Ուկրաինան վարկատուներին պետք է 11 մլրդ դոլար վճարի, իսկ մարտի դրությամբ երկրի ոսկու և արժույթի պաշարները կազմում են 5,6 մլրդ դոլար:
ԱՄՀ դրական որոշումից հետո Ուկրաինան բանակցություններ կսկսի փոխառությունների մի մասի վերաձևակերպման շուրջ, ինչն, ըստ կառավարության գնահատականի, թույլ կտա կրճատել արտաքին փոխառություններով վճարումները 15 մլրդ դոլարով: 2020-ին փոխառությունների հարաբերակցությունը ՀՆԱ հանդեպ կկազմի 70 տոկոս, ինչը համապատասխանում է ԱՄՀ պահանջներին:
Գրիվնան սկսեց թուլանալ փետրվարի վերջում, երբ նրա արժեքը հասավ մեկ դոլարի դիմաց 40 գրիվնայի: Սակայն մարտի 11-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմեց 21,55 գրիվնա: Դա կոշտ միջոցների արդյունքն էր:
ԱՄՀ և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացումը կախված կլինի բարեփոխումներից, որոնք խոստացել է իրականացնել կառավարությունը:
Մարտական գործողությունների դադարեցումն ու կոռուպցիայի նվազումը արդյունք կտա միայն 2016-ին: