
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի սկզբին Վաշինգտոն են ժամանելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները, «Ամերիկայի ձայն»-ին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մայիսի 7-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեկնարկում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք առաջնորդելու են Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:
Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի խոսքով, միջոցառումները Վաշինգտոնում շարունակվելու են երեք օր՝ սկսվելով մայիսի 7-ին Ազգային Մայր տաճարում էկումենիկ աղոթքով և ավարտվելով մայիսի 9-ին Անարատ Հղիության ազգային սրբավայր-դամբարանում Սուրբ Պատարագով, որն անցկացվելու է երկու կաթողիկոսների ներկայությամբ: «Կարևորը՝ մայրաքաղաք Վաշինգտոնում ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք չենք մոռացել և շարունակելու ենք մեր պահանջները ներկայացնել»,- ասել է Վիգեն արքեպիսկոպոսը:
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում է Ամերիկայի հայ համայնքի, եկեղեցու և հայկական դեսպանատան կողմից ստեղծված հանձնաժողովը: Մայիսի սկզբին Վաշինգտոնում նախատեսված միջոցառումները, դեսպանի խոսքով, կարևոր դեր ունեն հայ - ամերիկյան հարաբերությունների համար:
«Վաշինգտոն են ժամանելու վեհափառ հայրերը և հանրապետության նախագահը, և դա լինելու է բավականին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում», - նշել է դեսպանը: Անդրադառնալով պաշտոնական Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններին՝ դիվանագետը դրանք բարձր է գնահատել՝ նշելով, որ ստորագրման համար նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք կխթանեն երկկողմ տնտեսական համագործակցությունը: «Մենք մեր քաղաքական գործընկերների հետ ունենք կարևորագույն համաձայնություն, այն է՝ հայ - ամերիկյան հարաբերությունների մակարդակը պետք է բարձրանա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Քաղաքական հարաբերություններից բացի, հայկական կողմը ցանկանում է խորացնել հայ - ամերիկյան տնտեսական համագործակցությունը, որը կարող է կարևոր հիմք հանդիսանալ երկու երկրների միջև թե՛ քաղաքական և թե՛ մշակութային հետագա հարաբերությունների զարգացման համար:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումներ են սպասվում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հայաշատ քաղաքներում: Սփյուռքի հայկական համայնքներն ակտիվ մասնակցում են ոգեկոչման արարողություններին՝ ներկայացնելով սեփական նախաձեռնություններն ու ծրագրերը տարբեր ոլորտներում և ուղղություններով: