Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ մարտի 19-ին, Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարություններ է արել՝ ուղղված հայկական սփյուռքին և ՀՀ կառավարությանը, գրում է Hurriyet-ը:
«Հայկական սփյո՛ւռք, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք», - ասել է Էրդողանը և ավելացրել, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները. «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»:
Թուրքիայի նախագահը նշել է, թե այլ երկրների խորհրդարաններում, սենատներում Թուրքիայի դեմ բանաձևեր ընդունել տալով ու ծրագրեր կազմելով հարցը չի լուծվի:
«Մենք լավ գիտենք, թե դրանք ինչպես են արվում, այդ արշավներն ինչպես են տեղի ունենում»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, թե Հայաստանը հրաժարվում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուց, քանի որ «նպատակը Թուրքիայի վրա հարձակվելն ու երկրին վնաս հասցնելն է»:
Իսկ Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, Էրդողանի կարծիքով, Թուրքիային ուղղված թշնամանք են. «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը», -ասել է նա, գրում է «Անադոլու»-ն:
Անհեթեթ համեմատություններով Էրդողանը չի մոռացել հերթական անգամ ասել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցավեր և ողբերգություններ ունեցել են ոչ միայն հայերը, այլև մահմեդականները. «Պատմության ամեն փուլում տեղի ունեցածի նման՝ այս մեծ պատերազմի ընթացքում էլ ցավեր ու ողբերգություններ են տեղի ունեցել: Դրանից միայն հայերը չէ, որ ազդվել են: Բալկաններում, Կովկասում էլ պատմության ամենամեծ կոտորածներն են տեղի ունեցել մուսուլմանների դեմ»:
Պաշտոնական Անկարան շարունակում է պարբերաբար խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: