25 մարտի 2015 - 18:57 AMT
Լիբանանահայ պատգամավոր. Թուրքիայից հայերը պահանջում են ճանաչում, ներողություն և հողերի փոխհատուցում

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին NBN հեռուստաալիքի եթերում, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարել է, որ «հարյուր տարի անց ևս պահանջելու ենք մեր իրավունքները»:

Պատգամավորը վերահաստատել է Թուրքիայից հայերի պահանջները՝ այն է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, ներողություն խնդրել և կորցրած հողերի փոխհատուցում, Aztag Daily-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Այսօրվա Թուրքիան նույն Օսմանյան Թուրքիան է»,- ասել է Բագրատունին` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը կրոնի հետ կապ չունի:

Նա նաև ելույթի ժամանակ դիմել է Լիբանանի կառավարությանը` խնդրելով Լիբանանում ապրիլի 24-ը հռչակել սգո օր:

Բագրատունին նաև շեշտել է Թուրքիայի այժմյան դերակատարությունը ահաբեկչական զինված խմբավորումների գործունեության մեջ` օրինակ բերելով եզդիների կոտորածը և Իրաքում Նինվե նահանգում տեղի ունեցած դեպքերը:

1997թ. ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային Ժողովն ընդունեց որոշում, որով ճանաչում է ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշումը կոչ է անում Լիբանանի ժողովրդին այդ օրը լինել հայ ժողովրդի կողքին: 2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ընդունեց և դատապարտեց Ցեղասպանությունը: