8 օգոստոսի 2006 - 15:14 AMT
Հայաստանում լիովին վերականգնվել է Ինտերնետից օգտվելու հնարավորությունը
Ինտերնետ կապը Հայաստանում լիովին վերականգնվել է: Այդ մասին հայտնել է «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության մամլո քարտուղար Հասմիկ Չուտիլյանը: «Ինտերնետի բոլոր ծառայությունները վերականգնվել են նախկին ծավալով, որը մենք ունեինք մինչեւ Վրաստանում տեղի ունեցած վթարը»,- նշել է նա: Հասմիկ Չուտիլյանի խոսքերով, ներկա դրությամբ միացումն Ինտերնետին ապահովվում է արբանյակների, ինչպես նաեւ տարածքային պահեստային աղբյուրների միջոցով: Միեւնույն ժամանակ, Հ. Չուտիլյանը նշել է, որ Սեւ Ծովում վնասված մալուխի վերականգնման աշխատանքները շարունակվում են, եւ Ինտերնետին միանալ տվյալ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով հնարավոր կլինի միայն 10-15 օրվա ընթացքում, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
Նշենք, որ Վրաստանի տարածքում օպտիկամանրաթելային մալուխի վնասվելու պատճառով օգոստոսի 4-ից Հայաստանը զրկված էր նորմալ Ինտերնետ կապի հնարավորությունից: