10 ապրիլի 2015 - 13:17 AMT
Կարսում հերթական հայկական եկեղեցին է փլուզվում

Կարս քաղաքից 42 կմ հեռավորությամբ գտնվող Օղուզլու գյուղի պատմական եկեղեցու վիճակը ցավալի է։ Պահպանության տակ չառնված եկեղեցու մասին եթե մոտ ապագայում հոգ չտանեն, փլուզվելու է ու անհետանա։ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը մի ծրագրով այցելել էր գյուղ, որտեղ գյուղացիները նշել էին եկեղեցու պահպանման անհրաժեշտության մասին։

Կարսի շատ շրջաններում գտնվող պատմական կոթողներն անտերության են մատնվել և հանձնված են բախտի քմահաճույքին։ Անիի ավերակների մոտ գտնվող Օղուզլու գյուղի եկեղեցին էլ կիսավեր է, պատերը փլուզվել են, գանձ որոնողները փորել են տարածքը, «Միլլիյեթ»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Կարսում հայկական եկեղեցիների փլուզման վտանգի մասին տեղեկություն է տարածվում պարբերաբար: Միայն այս տարի՝ հունվարի 29-ին նահանգի Դիգոր շրջանում գտնվող հայկական հինգ եկեղեցիները (Խծկոնք) անխնամության և լքվածության պատճառով փլուզման եզրին հայտնվելու մասին բարձրաձայնվեց հենց թուրքական մամուլում: Պատմական Անի քաղաքի հարավ-արևմուտքում` 25կմ. հեռավորության վրա, իսկ Կարսի Դիգոր վարչական շրջանի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա գտնվող երեք ժայռերի վրա կառուցված հինգ հայկական եկեղեցիներից այսօր միայն կիսավեր Սուրբ Սարգիս եկեղեցին է մնացել, որը հավաքատեղի է դարձել խաշնարածների ու գանձախույզների համար: Եկեղեցու ներսը ախոռի է վերածվել, պատերը կիսաքանդ են: Տեղի բնակիչները եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործել են մասնավոր նպատակներով: Սուրբ Սարգիսը վանական համալիրի հինգ եկեղեցիներից ամենամեծն է, այստեղ պահպանված ամենահին արձանագրությունը թվագրված է 1033-ին: