ՀԱՊԿ երկրները պետք է «կանխարգելիչ միջոցներ» ձեռնարկեն չեզոքացնելու համար պատասխանատվության գոտում առկա սպառնալիքները, գտնում է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք, որոնք կապահովեն այս կամ այն հարցերի չեզոքացումը, որոնց հետ բախվում են Պայմանագրի մասնակից երկրները»,-ասել է Բորդյուժան ապրիլի 13-ին լրագրողներին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է արևելաեվրոպական ուղղությամբ առաջացած բարդ իրավիճակը. «Մենք նշում ենք ռազմական ենթակառուցվածքների կենտրոնացումը Բելառուսի և ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ, մեծ քանակությամբ մարտական ավիացիա, ծանր սպառազինություն, զորակազմի ժամանում, այդ թվում ԱՄՆ-ից»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բացի այդ, շարունակել է Բորդյուժան, «անմիջական հարևանությամբ, մեր երկրների տարածքում, ևս կան թեժ կետեր, այն սառեցված հակամարտություններն, որ առկա են` Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ևս սրացման միտում կա»,-ասել է Բորդյուժան:
Նա հավելել է, որ նույնպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել Կենտրոնական Ասիայում, առաջին հերթին Աֆղանստանում: «Այնտեղ հայտնվել են «Իսլամական պետության» կազմավորումներ, նշանակում է, կա Կենտրոնական Ասիայում նրանց ազդեցության տարածման, էքսպանսիայի վտանգ»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Ըստ նրա, «խնդիրները շատ են, դրանք պետք է հաշվի առնել և հետևել զարգացումներին»:
2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել են հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ կրակոցների և դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար::