Եկեղեցու ուղին անկեղծությունն է և այն պետք է ազատ խոսի, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Մարթա եկեղեցում պատարագի ժամանակ:
Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին Հռոմի պապի հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանությունները իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին և այնտեղից հետ էին կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին, Radiovaticana-ին հղումով գրում է Panorama.am-ը:
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», - ասել է Հռոմի պապը:
Նա բոլոր իր հետևորդներին կոչ է արել ասել ճշմարտությունը և չվախենալ դրա համար:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:
Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:
Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։