Մայիսի 11-ից Հայաստանի դեղատներում մի շարք դեղերի գները նվազել են: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ հանդիպումների ընթացքում հորդորել է դեղերի գները զսպող քաղաքականություն վարել: Արդյունքում որոշ դեղերի գներ մոտ 50%-ով նվազել են, կան դեղեր, որոնց գներն ավելի քիչ է նվազել, բայց գործընթացը շարունակական է լինելու, հաղորդում է Tert.am-ը:
Բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանն այս առթիվ նշել է, թե նախարարը դեղարտադրողների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել է վերանայել դեղերի գները՝ համապատասխանեցնելով ԵՏՄ-ում գործող դեղերի շուկայական գների հետ:
«Որոշ դեղեր էլ կան, որոնց գնի իջեցումը ԵՏՄ-ի հետ կապ չունի, ուղղակի դեղարտադրողները վերանայել են այդ գները եվրոյի և դոլարի կուրսի հետ և գների իջեցում է տեղի ունեցել»,– ասել է նա՝ հավելելով, որ դեղագործական երկու կազմակերպություն վերահաշվարկ են արել և իջեցրել որոշ դեղերի գները։
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է գործադիրի մարտի 26-ի նիստում: Առաջարկվող նախագծով, Հայաստանում առաջին անգամ դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորություն է տրվել՝ կոնկրետ մեխանիզմների սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը:
Օրենքներում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում, բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովում, դեղերի շրջանառության ողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված և գործուն մեխանիզմների սահմանում, դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում:
Կարդացեք նաև՝ «Դեղերի մասին» նոր օրենքը դեղերի գների պետական կարգավորման հնարավորություն կտա