ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կայցելեն ընթացիկ ամսվա վերջին: Այս մասին տեղեկացրել է Ջեյմս Ուորլիքը, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Մեկնաբանելով Վաշինգտոնում համանախագահների վերջին հանդիպումները՝ դիվանագետը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման ուղղությամբ տարված միջնորդների ջանքերը:
Նրա խոսքով՝ համանախագահները հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հուլիսի 3-ին ԱՄՆ անկախության օրվա առիթով միջոցառման ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը:
Ավելի վաղ Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը: Վաշինգտոնը հիասթափված էր Բաքվի այս որոշումից և կոչ էր արել վերանայել այն: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշման մասին: Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծերի համակարգող:
Մինչև այդ Բաքուն դադարեցրել էր ԵԱՀԿ – ի և Ադրբեջանի կառավարության հետ կնքած Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, որի վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր՝ հասկացնելով, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների: