13 հոկտեմբերի 2006 - 19:06 AMT
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը լայ արձագանք է ստացել միջազգային ԶԼՄ-ներում
Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելու փաստին լայնորեն արձագանքել է միջազգային մամուլը: «Նյու Յորք Թայմս»-ը գրում է, որ Շիրակի կառավարությունը, որը դեմ է օրինագծին, Թուրքիայի հետ երկխոսության ցանկություն է հայտնել` նշելով, որ օրինագիծն «անտեղի է ու ոչ անհրաժեշտ»: «Մենք ցանկանում ենք երկխոսություն վարել Թուրքիայի հետ, ինչպես նաեւ ուժեղացնել այդ երկրի հետ մեզ կապող բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը», - Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն է փոխանցում թերթը:

«Վաշինգտոն Փոստ»-ը, իր հերթին գրում է, որ «Թուրքիայի ու Եվրոպայի բարդ հարաբերությունները երկու մայրաքաղաքներում ներկայացան»: «Թուրքիայի լավագույն գրողը Ստոկհոլմում պարգեւատրվեց գրականության բնագավառում Նոբելյան մրցանակով, իսկ ֆրանսիացի պատգամավորներն օրինագիծ ընդունեցին, որով հանցագործություն է դառնում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը:

«Գարդիան»-ը գրում է, որ Աթաթուրքը, որի որդեգրյալ դուստրերից մեկը տարհանվածների փրկված աղջնակներից մեկն էր, հրապարակավ չընդունեց ճշմարտությունը` «թերեւս ամոթից, թե ինչ էին արել իր եղբայր զինակիցները, երբ ինքը բրիտանական ուժերի դեմ կռվում էր Գալիփոլիում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: