ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել նոյեմբերի 1-ի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնված, որ Ադրբեջանը թույլ չի տվել մասնակցել ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների առաքելությանը: Այդ պատճառով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարողացել հետևել ընտրությունների ընթացքին: «Առանց դրա մենք չենք կարող ասել`արդյո՞ք Ադրբեջանն առաջընթաց գրանցել է ընտրությունների անցկացման վերաբերյալ նախորդ դիտողությունների մասով, որտեղ նշված էին հիմնական քաղաքացիական ազատությունների սահմանափակումներն ու նախանշված են խնդիրների լուծման ուղիները»,-հայտարարել է Թրյուդոն:
Հայտարարության մեջ ասվում է, որ Պետդեպը մտահոգություն է հայտնել երկրում քաղաքական սահմանափակումների վերաբերյալ, և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր ստանձնած միջազգային պարտավորությունները խոսքի ազատության, հավաքների, ԶԼՄ-ների ազատության ոլորտում, ինչպես նաև կոչ է անում աշխատել ԵԱՀԿ հետ, այդ թվում նաև ԺՀՄԻԳ-ի:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ինչպես գրում է Trend-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 55,7 տոկոս: Քվեարկել է 2,89 մլն ընտրող, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ ընտրությունները: Ընտրությունները բոլոր տեղամասերում համարվել են կայացած: Իշխող «Ենի Ադրբեջանը» հաղթել է 125 ընտրատարածքից 71-ում:
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ»: