10 նոյեմբերի 2015 - 12:21 AMT
ՀԱՖՆ-ն համերգ կտա Լեհաստանում և Գերմանիայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, սկսում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում վերջին հյուրախաղային համերգների շարքը:

Առաջին համերգը կկայանա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 29-ին, այնուհետև նվագախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին:

Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին (Գերմանիա), գրում է Panorama.am-ը:

Լեհ և գերմանացի ունկնդրին կներկայացվի Խաչատրյանի ջութակի կոնցերտը, Չայկովսկու թիվ 1 և 6 սիմֆոնիաները, Շոպենի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչի» ստեղծագործությունները:

Համերգային ծրագիրը Երևանում կներկայացվի նոյեմբերի 26-ին: