
Դեկտեմբերի 20-ին Մայր տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվել է հոգեհանգիստ վերջին շրջանում զոհված զինվորների հոգիների խաղաղության համար:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա Բաղումյանը:
Իր քարոզում Բաղումյանն անդրադարձել է քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը:
«Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում ենք Աստծու հետ` հայցելով Նրա անբավ ողորմությունն ու օգնականությունը մեզ համար: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք միասնական աղոթքի հատկապես մեր հայրենիքի անսասանության և հայոց բանակի բոլոր մարտիկների խաղաղ և ապահով ծառայության համար, քանզի կրկին անհանգիստ են հայոց աշխարհի սահմանները: Ցավոք, ունենք նաև զոհեր մեր խիզախ և նվիրյալ մարտիկների շարքերում, ովքեր ընկան մարտի դաշտում հանուն հայրենիքի և մեր վաղվա օրվա:
Ուստի, խնդրանքս է, որ ձեր աղոթքներում անպայման հիշեք և աղոթեք նրանց հոգիների հանգստության համար` Տիրոջից հայցելով բազկի զորություն, ուժ և կորով հայոց բանակի ամեն զինվորի և հրամանատարի համար», - նշել է վարդապետը:
Շաբաթվա ընթացքում շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Հայկական կողմը երեք զոհ ունի: