8 դեկտեմբերի 2006 - 14:14 AMT
Հոլանդիայում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում թուրքերը քվեարկել են Անկարայի ցուցումով
Թուրքական ծագում ունեցող հոլանդացիները նորյեմբերի 22-ին կայացած ընտրություններում քվեարկել են Անկարայի ցուցումով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հաագայից, Նիդերլանդների խորհրդարան առաջադրված էթնիկ թուրքերի օգտին քարոզը գնում էր էլեկտրոնային փոստի միջոցով: Նամակներում կոչ էր արվում քվեարկել D 66 կուսակցության թեկնածու Քայու Կոսերի օգտին: Ինչպես հաղորդում է NOVA TV-ին, նամակներն, հավանաբար, ստացվել են Թուրքիայի կրոնների գծով նախարարի խորհրդականից եւ կարող էին ուղարկվել ուղղակի Անկարայում գտնվող նախարարությունից:
Քարոզարշավը սկսվեց այն բանից հետո, երբ երկու կուսակցություններ` քրիստոնյա-դեմոկրատներն ու ազատականները, որոնք հետագայում հաղթեցին ընտրություններում, դուրս թողեցին ազգությամբ թուրքերին կուսակցության ցուցակներից Հայոց ցեղասպանության ուրացման համար: D 66 կուսակցությունը նման հարց չի դրել իր թեկնածուների առջեւ: Ներկայումս D 66 եւ VVD կուսակցությունները պահանջում են Թուրքիայից պարզաբանումներ տալ այդ հարցի վերաբերյալ, սակայն Անկարան հերքում է, որ խորհուրդ է տվել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: