25 դեկտեմբերի 2015 - 11:09 AMT
Վրաստանի վարչապետի պաշտոնին հավակնում է Գեորգի Կվիրիկաշվիլին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներից, դեկտեմբերի 25-ին երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում: Ըստ Վրաստանի սահմանադրության այս դեպքում կասեցվում են բոլոր նախարարների լիազորությունները և նրանք դառնում են պաշտոնակատարներ:

«Մենք 4 թեկնածու ունեինք, բայց կանգ առանք Կվիրիկաշվիլիի վրա: Վարչապետի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում կներկայացնի Գեորգի Կվիրիկաշվիլիին»,-հայտարարել է Վոլսկին Վրաստանի Հանրային հեռուստատեսության երկրորդ ալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դեկտեմբերի 24-ին խորհրդարանական մեծամասնության շրջանում խորհրդատվությունների արդյունքում մենք համաձայնեցրել ենք Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը»,-հայտարարել է մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն:

Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը:

Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին պաշտոնապես կհայտարարի, թե ով է ընտրվել որպես վարչապետի թեկնածու, հետո առաջարկը կներկայացվի նախագահին, իսկ վերջինս պետք է հավանություն տա թեկնածությանը: Որից հետո վարչապետի պաշտոնի թեկնածուն պետք է ներկայացնի խորհրդարանին նախարարների կաբինետի նոր կազմը և իր ծրագիրը, իսկ օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ իր վստահության քվեն պետք է հայտնի: