Հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքի ընթացքւմ նախագահ Ֆրանսուա Օլանդը վերակենդանացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը:
Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի տեղեկություններով՝ Օլանդը նշել է, թե ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային վստահեցրել է, որ օրենսդրության նման վերանայումը թույլ կտա պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշատակը, գրում է Aravot.am-ը:
Եվ դա հնարավոր է անել շատ կարճ ժամանակահատվածում:
2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:
2014-ին ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց 20-րդ դարում մարդկության դեմ գործած ոճրագործությունների ու ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոսթի ժխտումն է պատժելի:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նաև գործող նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից է: