1 փետրվարի 2016 - 11:37 AMT
Շվեյցարիան հանրաքվեով կորոշի՝ արդյո՞ք նպատակահարմար է քաղաքացիներին ամսական 2500 ֆրանկ վճարել

Շվեյցարիայում տեղի կունենա հանրաքվե, որի ժամանակ երկրի քաղաքացիները պետք է ընտրեն` ցանկանում են ամսական 2500 շվեյցարական ֆրանկ (2250 եվրո) ստանալ, անկախ իրենց վաստակից կամ դրա առկայությունից, հայտնել է The Independent-ը:

Անչափահասները կստանան 625 ֆրանկ: Քվեարկությունը տեղի կունենա հուլիսին:

Այս քվեարկության հիմքում ընկած գաղափարն այն է, որ պետք է վերացնել կապը եկամուտի և զբաղվածության միջև: Մինչդեռ, սոցիոլոգիական հարցումը Շվեյցարիայում պարզել է, որ մարդկանց մեծ մասը մտադիր է շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե երաշխավորված եկամուտ ունենա:

Հարցման մասնակիցների միայն 2 տոկոսն է պատասխանել, թե կթողնի աշխատանքը, եթե օրենքը հաստատվի հանրաքվեում, հայտնում է «Դոժդը»:

Եթե այդպիսի օրենք ընդունվի, Շվեյցարիան կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը կապահովի իր քաղաքացիներին ամսական եկամուտով, առանց որևէ պայմանի: