12 հունվարի 2007 - 13:45 AMT
ՎՈՒԱՄ-ը մտադիր է մինչեւ փետրվարի վերջն ավարտել խաղաղապահ համակազմի ձեւավորումը
Խաղաղապահ համակազմի ձեւավորման աշխատանքները ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան ու Մոլդովա) շրջանակներում կավարտվեն մինչեւ փետրվարի վերջ: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Իվան Անդրոսենկոն: Նրա խոսքերով, ներկայումս անդամ երկրների կենտրոնակայաններում քննարկվում են խաղաղապահ ուժերի կառուցվածքի, քանակի, անձնակազմի ձեւաչափի հետ կապված եւ այլ կազմակերպչական հարցեր: «Փետրվարին ծրագրվում է փորձագետների հերթական հանդիպումը: Այնուհետեւ տեղի կունենա ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք իրենց առաջարկությունները կներկայացնեն եւ կստորագրեն ամփոփիչ փաստաթուղթը: Խաղաղապահ ուժերի մասին կարգը կհաստատվի այդ փաստաթղթի ստորագրումից հետո»,-հավելել է նա:

Ինչպես նշել է Ի.Անդրոսենկոն, ներկայումս կողմերը քննարկում են հանդիպման հերթական վայրը: Ակնկալվում է հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Քիշնեւում: Ի.Անդրոսենկոն հավելել է, որ ամփոփիչ փաստաթղթի ստորագրումից հետո փետրվարին տեղի կունենա պաշտպանության նախարարների հանդիպումը: Այդ փաստաթուղթը կհաստատվի նաեւ նախարարների մակարդակով, հաղորդում է ԱՊԱ-ն: