25 փետրվարի 2016 - 18:49 AMT
Զաքարյան. Խոջալուի ֆարսը հակահայկական քարոզչության էլեմենտներից է

Խոջալուի ֆարսը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել անտեղյակ հասարակությանը, միջազգային հանրությանը, Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության էլեմենտներից է: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Հակահայ քարոզչությունը, որը տարվում է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, միշտ էլ եղել է: Մենք պետք է սա ոչ թե պայմանավորենք նավթային, խավիարային դիվանագիտությունների կիրառմամբ, այլ՝ խրոնիկական բնույթով, հասկանանք, որ սա Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Խոջալուի ֆարսը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել անտեղյակ հասարակությանը, միջազգային հանրությանը, հակահայ քարոզչության էլեմենտներից»,- նշել է Զաքարյանը՝ ասելով, որ Հայաստանի կողմից պետք է տարվի աշխատանք՝ հակահայ քարոզչության դեմ:

Ըստ նրա՝ Խոջալուի հորինվածքը գնալով քիչ հնչեղություն է ստանում, որևէ միջազգային կազմակերպություն այդ ավանտյուրան «ցեղասպանություն» չի համարում, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա Զաքարյանը շեշտել է, որ Ադրբեջանն արդեն սովորական է դարձրել հրադադարի ռեժիմի խախտման գործընթացները, որոնք ուղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին դեմ: