ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվող «Կոալիցիոն շինարարություն և կազմակերպում» ուսուցողական դասընթացի շրջանակներում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն` «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպել էր «Երիտասարդությունը հանուն մարդկության» խորագրով քաղաքացիական ակցիա։
Ակցիայի նպատակն է իրականացնել ոսկրածուծի կամավորների դոնորագրում` լեյկեմիայով և արյան այլ չարորակ հիվանդություններով հիվանդ մարդկանց օգնելու և կյանքի հույս տալու համար: Ակցիային մասնակցել է 65 երիտասարդ:
«Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից քաղաքական ծրագրերի գծով խորհրդատու Գեղամ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի նպատակը և կարևորել երիտասարդների գործակցությունն այս հարցում:
«Շատ հարցեր կան, որոնց շուրջ երիտասարդները կարող են հավաքվել, գործակցել և համատեղ աշխատել երկրի ապագայի համար», - ասել է նա և նշել, էր գաղափարի առաջին նպատակը կյանքեր փրկելն է, երկրորդը՝ անկախ կուսակցական, կազմակերպության պատկանելիությունից այս գաղափարի շուրջ հավաքվելը:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանը նշել է, որ դոնոր լինելը առողջությանը որևէ վնաս չի հասցնում:
«Երբ քիմիոթերապիան չի ազդում, ի հայտ է գալիս փոխպատվաստման խնդիրը, և առաջին դոնորները, որ պետք է լինեն՝ արյունակից հարազատներն են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե չորս երեխա ունեցող ընտանիք է, հավանականությունը, որ երեխաներից մեկը մյուսին կհամընկնի, մոտավորապես 25% է, հայկական ընտանիքների մեջ այդպիսի թվով երեխաներ շատ քիչ են լինում, և համընկման հավանականությունը քչանում է»,- ասել է նա և տեղեկացրել, որ աշխարհում կա ազգակից դոնորների 67 այդպիսի ռեեստր և ընդամենը 25 միլիոն դոնոր:
«Մեր ռեեստրը տասնյոթ տարի է, ինչ գործում է, և ունենք 28 հազար դոնոր», - ասել է Ավագյանը՝ հավելելով, որ հավանականությունը, որ հայերը հայերին կարող են դոնոր լինել, շատ ավելի մեծ է, քան ուրիշ էթնիկ խմբերինը:
Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով, արյուն հանձնող մարդն է, բայց ցանկացած մարդ չի կարող դոնոր դառնալ: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, որոնք չունեն առողջական խնդիրներ և որոնց քաշը գերազանցում է 50 կգ:
Կարդացեք նաև՝ Արյան դոնորները. Ո՞վ կարող է արյուն հանձնել և ինչ հաճախականությամբ