2015-ին, երբ ոգեկոչվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Հայաստանի վրա: Այդ կապակցությամբ մի խումբ գիտնականներ նախաձեռնեցին հայկական գենոմի քարտեզագրման հետազոտական ծրագիրը, հայտնում է Asbarez-ը:
Այդ նախաձեռնությունը հնարավոր դարձավ կյանքի կոչել Լոս Անջելեսում գործող Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ Սառա Չիտչյանի շռայլ նվիրատվության շնորհիվ, որի հայրը Ցեղասպանությունը վերապրածներից է: Փետրվարին Կալիֆորնիայի համալսարանի Համաշխարհային առողջապահության կենտրոնի տնօրեն, դոկտոր Թոմաս Քութսը, Կալիֆորնիայի համալսարանին կից Դևիդ Հեֆֆենի բժշկական դպրոցի մարդու գենետիկայի և մանկաբուժության, պաթոլոգիայի և լաբորատոր բժշկության պրոֆեսոր, դոկտոր Ուեյն Գրոդին, Երևանի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի համահիմնադիրներ Սևակ Ավագյանը և Եվգենի Սոկուրենկոն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` ամրագրելով այդ կազմակերպությունների հետազոտական գործակցությունը:
Նախագիծը գործարկվել է ավելի լավ հասկանալու համար հայ ժողովրդի գենետիկ արմատները: Հայաստանում շատ կան երկարակյացներ, որոնք կարող են մասնակցել ծրագրին: Հուշագրի ստորագրման արարողությանը Չիթչյանը հույս է հայտնել, որ քարտեզագրման նախագծի արդյունքները օգտակար կլինեն պատմական հետազոտությունների համար:
Հուշագիրը համահունչ է Կալիֆորնիայի համալսարանի աշխատանքներին, որոնք ուղղված են գլոբալ առողջապահության, կրթության և հավաքական բուժհետազոտությունների բարելավմանը: Այս հետազոտություններն օգտակար կլինեն աշխարհասփյուռ հայության ընդհանուր առողջական վիճակի բարելավման համար և կարող եմ կարևոր եզրահանգումների բերել հայերի շրջանում տարածված գենետիկ հիվանդության` Ընտանեկան միջերկրածովյան տենդի (FMF) վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը:
Նախագծի հիմքում Կալիֆորնիայի համալսարանի FMF-ի հետազոտման 60-ամյա ծրագիրն է և ապահովում է համալիր միջգիտական փորձաքննություն: Ուեյն Գրոդին մոլեկուլյար աշխատանքով զբաղվող գլխավոր հետազոտողներից մեկը կլինի: