4 մարտի 2016 - 18:38 AMT
Մանր եղջերավորների ժանտախտի ներթափանցումը կանխարգելու համար ՀՀ-ում միջոցառումներ կիրականացվեն

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ:

Մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի» հետ: Կառավարությունը մարտի 3-ի նիստում արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, որը հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել անհրաժեշտ պատվաստանյութը:

Ծառայությունը նախատեսում է նշված երկրների սահմանային գոտում գտնվող և հիվանդության նկատմամբ ընկալունակ բոլոր կենդանիների շրջանում ամենամյա կանխարգելիչ հակաժանտախտային պատվաստումներ կատարել:

Ներկայումս մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ապահով է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածմանը և դրա հետևանքով ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող մսամթերքի վրա ժամանակավոր արգելք դնելուն, հայտնել է, որ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, սակայն գրանցվել է դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում: