25 մարտի 2016 - 15:51 AMT
Վարչապետ. ՀՀ և Քուվեյթի միջև անհրաժեշտ է ավիաչվերթներ իրականացնել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել Երևանի և Էլ Քուվեյթի միջև ավիաչվերթների իրականացումը: Այս մասին վարչեպետը ասել է տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Խոսելով Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ուղղությամբ հետևողական քայլերի, ինչպես նաև Երևանի և Էլ Քուվեյթի միջև ավիաչվերթների իրականացումը, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:

Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և պատրաստ է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու նախագծեր:

Կառավարության ղեկավարը շրջել է տուն-ինտերնատի մասնաշենքով, ծանոթացել կատարված աշխատանքներին և տարեցների համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Մասնաշենքն ամբողջությամբ համալրվելու է անհրաժեշտ սարքավորումներով, ստեղծվելու են շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունների պատշաճ իրականացման պայմաններ: Միաժամանակ մասնաշենքում հնարավորություն կլինի սպասարկել 72 անկողնային հիվանդի:

Վարչապետը բարձր է գնահատել ինտերնատի մասնաշենքի կառուցմանն աջակցելու քուվեյթյան կողմի նախաձեռնությունը և համոզմունք հայտնել, որ նման ծրագրերը կնպաստեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Վարչապետը կարևորել է Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարի այցը մեր երկիր՝ ավելացնելով, որ նման փոխայցելությունները հնարավորություն են տալիս քննարկելու հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: