Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում երկխոսությունն ու փոխզիջումն են, հայտարարել է լրագրողներին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Խաղաղության հաստատման ճանապարհը միշտ երկխոսության միջով է անցնում, փոխզիջման, և երկու կողմերը պետք է մշտապես աշխատեն երկխոսություն հաստատել և փոխզիջման հասնել»,-ասել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը:
Նարիշկինը նաև նշել է, որ «Ռուսաստանն այս բարդ ու ծանր հակամարտության ամբողջ ընթացքում ինտենսիվ աշխատանք է տարել և տանում է`այդ թվում նաև Մինսկի խմբում, նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը»: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե առավել, քան որևէ այլ երկիր, շահագրգռված է վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում»,-հավելել է Պետդումայի խոսնակը:
Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները զրույցներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իրենց պաշտոնակիցների հետ, համապատասխան հայտարարություն է արել ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:
Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: