ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն ապրիլի 6-ին հրապարակել է հերթական լուսանկարները, որոնցում երևում են հակառակորդի զինվորների դիերը:
Հաղարդագրության մեջ նշվում է, որ սպանվել են ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ հանցագործություններ կատարած մարդասպանները:
«Նրանք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին», - նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
ԼՂՀ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի հետ մարտերում զոհվել է Պաշտպանության բանակի 29 զինծառայող, 101-ը վիրավորվել է, ևս 28-ն անհետ կորած է: Զոհվածներից 7-ը ու վիրավորներից 20-ը սպա ու ենթասպա են, 20 զոհված ու 81 վիրավոր՝ սերժանտ, պայմանագրային ու շարքային:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ: Խոցվել է 26 ադրբեջանական տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», 1 ինժեներական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ: