Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը քաղաքական հարցերով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի հայոց թեմի մամուլի ծառայությունը:
Օլանդը Հովհաննիսյանին ընդունել է Ելիսեյան պալատում:
Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում եպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ապա ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի վիճակը և առաջնորդի դերը մասնավորապես Արևմտյան Եվրոպայում՝ տեղեկացնելով նաև 2014-ի դեկտեմբերից ստանձնած առաջնորդական պաշտոնում իրականացրած գործունեության, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։
Բացի այդ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը մտահոգություն է հայտնել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմի առնչությամբ։
Առաջնորդը խնդրանք է ներկայացրել նախագահին, իր հնարավորությունների սահմաններում, իբրև Մինսկի խմբի նախագահող երկրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ պնդի, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը և հարկադրի այդ երկրին ճանաչելու Ղարաբաղում հայերի՝ իրենց նախնյաց հողի վրա ապրելու իրավունքը։
Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է «Լեռնային Ղարաբաղ. Լարվածության աճ Ադրբեջանի հետ» թեմայով քննարկումներին, որոնք կազմակերպել էր Ժնևում Շվեյցարական մամուլի ակումբը: Քննարկումների առանցքում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան էր ԼՂՀ դեմ: ԼՂ ներկայացուցիչը կարևորել է Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի մոտ, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: