23 մայիսի 2016 - 09:43 AMT
Բրիտանիայի վարչապետ. Թուրքիան ԵՄ անդամ կդառնա 3000 թվականից ոչ շուտ

Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով:

Այդ մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում:

«Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա:

Քեմերոնը հիշեցրել է նաև, որ միության անդամ ցանկացած երկիր կարող է վետո կիրառել ԵՄ-ին նոր պետության միանալու որոշման վրա:

2015-ի նոյեմբերին Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, Անկարային խոստացել էին քննարկել ԵՄ անդամակցության արագացված գործընթացի հնարավորություն՝ Մերձավոր Արևելքից փախստականներին տեղավորելու դիմաց: