Թուրքական կողմի բողոքներն ու մեղադրանքները գերմանական Բունդեսթագի պատգամավորների հասցեին, որոնք քվեարկել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի օգտին, անհասկանալի են: Այդ մասին լրագրողներն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Բանաձևի առնչությամբ հայտնի է, որ կա 2 տարբեր կարծիք` գերմանական Բունդեսթագի մեծամասնության և թուրքական կողմի: Անձամբ ես շարունակում եմ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների օգտին: Գերմանական Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և բողոքներն ու հայտարարությունները, որոնք այսօր անում է թուրքական կողմը, ես անհասկանալի եմ համարում»,-ասել է Մերկելը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ էրդողանի հայտարարությունը ազգությամբ թուրք գերմանացի խորհրդարանականների հասցեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: