ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու են ձերբակալել, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը, հայտնում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, հունիսի 15-ին սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»:
Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք:
Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ:
Տեղաբնակների հմուտ գործողությունների արդյունքում Երվանդաշատ բնակավայրի մոտ անհայտ անձը վնասազերծվել է և փոխանցվել է ռուս սահմանապահներին:
«Առաջնային հարցման ժամանակ սահմանախախտը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, 1982թ. ծնված և մտադիր էր Հայաստանով հասնել Անգոլա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որտեղ եղել են նրա անձնական իրերը թաց վիճակում, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և «Սամսուն» բջջային հեռախոս պոլիէթիլենային թաղանթի մեջ:
Սահմանախախտը մանրամասն պատմել է, թե ինչպես է հաղթահարել ինժեներային պատնեշները: Նույն օրը, ըստ սահմանված կարգի, սահմանախախտը փոխանցվել է ՀՀ կառավարությանը կից ԱԱԾ աշխատակիցներին, որոնք կստուգեն Անգոլայի քաղաքացու ցուցմունքները:
«Սահմանապահ վարչությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Երվանդաշատի բնակիչներին, որոնք մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, զգոնություն են ցուցաբերել և ակտիվ աջակցում են ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն»,-ասվում է հաղորդագրության մեջ: