Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է VOICES երիտասարդ եվրոպական կինոյի 7-րդ փառատոնին, որն անցնելու է ռուսական Վոլոգդայում:
«Թևանիկը» պատմում է ղարաբաղյան պատերազմի տարիների մասին: Ֆիլմի հիմքում 3 դեռահասի ճակատագրեր են: 14-ամյա Թևանիկը դառնում է ռազմական գործողությունների մասնակից:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի դրաման ներկայացնում է Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգը դեռ նոր էր կախվել մարդկանց գլխին: Առնոլդ Աղաբաբովի սցենարի հիման վրա նկարահանված ֆիլմի երաժշտության հեղինակն է լիտվացի հայտնի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը:
Ինչպես հայտնում է vologdaregion.ru-ն, մրցութային ծրագրին մասնակցելու են Հայաստանի, Գերմանիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Չեխիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Ծրագրում ընդգրկվել է նաև վրաց ռեժիսոր Ռուսուդան Գլուրջիձեի «Օտար տուն» ֆիլմը, Ֆրանսիայի և Կոլումբիայի համատեղ արտադրության ռեժիսոր Ժակ Տուլմոնդ Վիդալի «Աննան», Չեխիայի և Սլովակիայի համատեղ «Նոր Էվան»` ռեժիսոր Մարկո Սկոպպա, և գերմանացի Մարկ Բրամմուդի «Ապաստան» ֆիլմը:
Ավանդաբար փառատոնում ֆիլմերից մեկը ներկայացնում է Ռուսաստանը: 2016-ին հանդիսատեսը կտեսնի ռեժիսոր Իվան Տվերդովսկու «Կենդանաբանությունը»:
Փառատոնը կանցնի հուլիսի 7-9-ը:
Ընթերցեք նաև. Պատերազմի և մարդկանց մասին. Արցախյան ազատամարտը՝ հայտնի ու անհայտ ֆիլմերում
Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորված ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին