Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հունիսի 27-ին, ներկայացնելով ամենամյա զեկույցը, ստորագրել է բանակ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիրը:
Խիդաշելին նշել է, որ օրենսդիր մարմինը չկարողացավ համապատասխան օրենք ընդունել, սակայն ինքը գտել է ճանապարհը, որը հնարավորություն է տալիս իրեն ինքնուրույն նման որոշում կայացնել և անձնական հրաման արձակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես այստեղ ձեր առջև ստորագրում եմ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիրը, հետևաբար, այն ուժի մեջ է մտնում»,-հայտարարել է Խիդաշելին:
Ավելի վաղ Վրաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ պարտադիր զորակոչից հրաժարվելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2017-ին:
Ավելի վաղ Վրաստանի Չորրորդ մեխանիզացված բրիգադի 12-րդ թեթև հետևակային բատալիոնի «Ալֆա» վաշտը ներառվել է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում՝ պատրաստության երկրորդ աստիճան ստանալուց հետո: Զորամիավորման՝ NRF-ին միացումը հետևել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ Noble Partner-2016 զորավարժություններին: