ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նոր եմ ժամանել Վարշավա` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար», -ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 8-9-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: