12 հուլիսի 2016 - 17:13 AMT
ՀՀ նախագահ. ԼՂ ժողովուրդը չի համաձայնի Ադրբեջանի կազմում լինել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ԼՂ հիմնախնդրին։

Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր և Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց և խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն», մեջբերում է Ա1+-ը:

Նախագահի խոսքով, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: «Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է»:

Սարգսյանը շեշտել է, որ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրեն Ադրբեջանի կազմում, «հավատացեք՝ անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: