13 հուլիսի 2016 - 18:25 AMT
Վայոց ձորը CNN-ի՝ գինեգործության լավագույն վայրերի ցանկում

Ամերիկյան CNN լրատվամիջոցը Հայաստանի Վայոց ձոր մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինեգործության վայրերի ցանկում, ուր կարող են այցելել գինու սիրահարները:

CNN-ը գրում է, որ շատ մշակույթների համար գինին ընթրիքի կարևոր բաղադրիչն է, և գինու արտադրությունը Միջերկրական ծովի շրջանից տարածվել է տարբեր մայրցամաքներ:

«1935-ին Գերմանիայի կողմից սեփական Weinstrasse-ը՝ «Գինու երթուղին» հիմնելուց ի վեր հիմնվել են գինու բազմաթիվ «երթուղիներ»:

Այսօր գինեգործությանը վերաբերող էքսկուրսիաների ու շրջագայությունների ընտրությունը մեծ է, քան երբևէ՝ ավանդականից (Բորդո) մինչև գեղատեսիլ (Քեյփթաուն), պատմականից (Հայաստան) մինչև անսպասելի (Բրազիլիա):

Աստվածաշնչի համաձայն՝ Հայաստանն աշխարհում գինու արտադրության առաջին վայրն է, քանի որ հենց Արարատ լեռան լանջին է Նոյը ջրհեղեղից հետո տնկել առաջին խաղողի որթը», - գրում է լրատվամիջոցը, հայտնում է Tert.am-ը:

Նշվում է, որ խաղողի տեղական «Արենի» տեսակը դարեր շարունակ անփոփոխ է մնացել: Այն կարողանում է դիմակայել բոլոր հիվանդություններին իր հաստ «կաշվի» շնորհիվ, որն օգնում է պաշտպանվել խիստ ցրտից:

Հայաստանի գինեգործության շրջանը Վայոց ձորն է, նշում է CNN-ը և հավելում, որ այնտեղի կլիմայի շնորհիվ տարվա ընթացքում արևոտ է 300 օրը:

Հայաստանից բացի՝ լավագույն գինեգործության վայրերի ցանկում են հայտնվել Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Հարավային Աֆրիկայի, Ֆրանսիայի (2 շրջան), Հունաստանի, Չիլիի, Կանադայի, Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Իսպանիայի, Գերմանիայի շրջանները։