15 հուլիսի 2016 - 17:58 AMT
Իրաքի շիա թուրքմեններ. Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար

Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող շիա թուրքմենների կամավորական ուժերի 16-րդ բրիգադի զինյալները հայտարարել են, թե Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար:

ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողության ժամանակ շիա թուրքմենները ծածանել են Ադրբեջանի դրոշը և կրել են շարֆեր, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղ», թուրքական Vatan-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ռազմական գործողությունից հետո հայտարարություն է արել 16-րդ թուրքմենական բրիգադի հրամանատար Էբու Թայիր Բեշիրլին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքի Ամիրլի շրջանում ռազմական գործողությանը ադրբեջանական դրոշներով մասնակցած թուրքմեն երիտասարդները հայտարարել են, որ իրենք պատրաստ են զոհաբերության:

Թուրքմեն կամավորական ուժերի 16-րդ բրիգադը կռվում է Հաշդի Էշ Շաբի ստորաբաժանումների կազմում: Վերջինը կազմավորվել է Իրաքում ազդեցիկ շիա հոգևորական առաջնորդ Այաթոլլահ Ալի Սիսթանիի ֆեթվայով (հրամանով):