Մոտ 80 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Հալեպ գավառի Մանբիջ քաղաքի մատույցներում գտնվող գյուղի ռմբակոծության հետևանքով: Սիրիական Մանբիջը գտնվում է Հալեպից դեպի հյուսիս` Թուրքիայի հետ սահմանին: Ռմբակոծել են գյուղը ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը: Այդ մասին հուլիսի 19-ին հայտնել է Al Jazeera-ն:
Ըստ նրա, Թուհար գյուղի և մերձակայքի ռմբակոծության հետևանքով մոտ 80 մարդ է սպանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 18-ին Մանբիջի և նրա արվարձանների օդային գրոհի ժամանակ ավելի քան 20 խաղաղ բնակիչ է սպանվել:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը ԱՄՆ աջակցությամբ առաջխաղացում էր ունեցել դեպի Մանբիջ քաղաքի կենտրոնը` կտրելով ԻՊ գրոհայինների մատակարարման ուղիները: Ըստ ԱՄՆ հրամանատարությանը Մերձավոր Արևելքում, ընդհանուր առմամբ կոալիցիան ավելի քան 400 ավիահարված է հասցրել Մանբիջի շրջանում:
Լինելով Թուրքիայի հետ սահմանակից` Մանբիջը ռազմավարական նշանակություն ունի ահաբեկչական կազմակովորումների մատակարարման համար:
Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:
«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս: