27 հուլիսի 2016 - 12:54 AMT
Ուորլիք. Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են մեծացնել շփման գծում ու սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգ իրականացնող խումբը մեծացնելու հարցում:

Այդ մասին է հայտնել ՌԻԱ Նովոստի գործակալությանը Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների վերցված պարտավորությունների իրականացման ու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հետագա առաջընթացի ուղղությամբ», - ասել է նա, նշելով, որ պլանավորված են հետագա բանակցություններ, կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավմամբ:

Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: