13 օգոստոսի 2016 - 16:56 AMT
ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանը մահացել է

Օգոստոսի 13-ին «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև հրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Այս տեղեկատվությունը հաստատել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, գրում է Aysor.am-ը:

Մկրտչյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այս ընթացքում նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: