Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։
Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։
Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։
Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:
«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնն ասել նաև այս խաղերի մասին»,-ասել է Մարտիրոսյանը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը 2016-ին դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: