Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը սիրիական Հալեպ հումանիտար բեռներ հասցնելու նոր երթուղիներ մշակելու հնարավորություններն են քննարկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եվ ԱՄՆ հետ, և ՄԱԿ-ում մեր գործընկերների հետ մենք հիմա քննարկում ենք Սիրիայի ղեկավարության հետ համատեղ ռուսական կողմի հումանիտար նախաձեռնության հզորացման ուղիները: Ինչպես գիտեք, այնտեղ կա մի քանի հումանիտար միջանցք: Միջանցքներից մեկը հատուկ նրա համար է, որ այդ ճանապարհով կարողանան հեռանալ այն գրոհայինները, որոնք գիտակցել են սեփական գործողությունների անհեռանկար լինելը»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական ուժերի ջոկատները գրոհում են ահաբեկիչների դիրքերը երկրի ՌՕՈւ ռազմական ուսումնարանի տարածքում, Հալեպի հարավ-արևմուտքում:
Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է Հալեպին սպառնացող հումանիտար աղետի մասին և հորդորել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին սեղմ ժամկետում համաձայնության հասնել հրադադարի մասին սիրիական այդ քաղաքում և երկրի մյուս մասերում:
Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել շաբաթական մարտական գործողությունների 48-ժամանոց պարտադիր դադար հաստատել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը Հալեպում, ինչպես նաև կդրդի «Մոսկվային ու Վաշինգտոնին շուտափույթ պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ»: Պան Գի Մունի զեկույցը կքննարկվի ՄԱԿ ԱԽ նիստում օգոստոսի 22-ին:
Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ: