Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերում մրցումային նախավերջին օրն է: Հայաստանը ներկայացնող մարզիկներից օգոստոսի 20-ին պայքարին է ներգրավվելու ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, հայտնում է Armsport-ը: 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Լևանի մրցակիցը չինացի Ժիվեի Դենգն է. գոտեմարտը կմեկնարկի ժամը 17:40-ին:
Բերիանիձեն Ռիո-2016-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներից մեկն է: Օգոստոսի 21-ին Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը կլինեն Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկներն այս Օլիմպիադայում:
Ռիոյում անցկացվող օլիմպիադայում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում:
Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։