Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է հեռահար հիմունքով աշխատող ճամփորդությունների սիրահարների ամենանախընտրելի քաղաքների տասնյակում, ըստ Fast Company գործարար հանդեսի:
«Արևմտյան Ասիայում գտնվող Հայաստանն աշխահի հնագույն բնակեցված տարածքներից մեկն է: Վերջին տնտեսական աճով պայմանավորված Երևանի փողոցներում բազմաթիվ են ռեստորաններն ու սրճարանները, որոնք շատ հարմար են հեռահար աշխատանք կատարելու համար:
Պարբերականը հայտնում է, որ այդ սրճարաններում ու ռեստորաններում կարելի է համտեսել էժան հայկական գինի և համեղ հայկական ուտեստներ` բացահայտելով Երևանի ամբողջ գեղեցկությունը:
Fast Company ցուցակը հիմնված է NomadList հարցման վրա, որը խորհուրդ է տալիս «թվային քոչվորների» բնակության համար մատչելի քաղաքներ ամբողջ աշխարհում, որտեղ ապրելու համար ամսական նվազագույն գումարը չի գերազանցում $1250:
Ըստ NomadList-ի, ապրուստի արժեքը, անվտանգությունը, աշխատանքի համար հարմարավետ վայրերը, զվարճանքները, կյանքի որակն ու վերաբերմունքը կնոջ հանդեպ Երևանում հեռահար աշխատանքով զբաղվելու առավելություններից են, մինչդեռ օդի մաքրությունը դեռևս բավարար չէ:
Երևանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Բանգկոկը (Թաիլանդ), Չիանգմայը (Թաիլանդ), Թայբեյը (Թայվան), Ուբուդը (Բալի, Ինդոնեզիա), Փհուկետը (Թաիլանդ), Ջոհոր Բարուն (Մալայզիա), Բելգրադը (Սերբիա), Կիտոն (Էկվադոր) և Հոշիմինը (Վիետնամ):