Թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Անցած գիշեր մեր անվտանգության ուժերը գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում մեր երկրին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են ԻՊ-ն և «Ժողովրդավարական միությունը»: Պետք է վերջ տալ այդ հարձակումներին, որոնք սահմանի այն կողմից իրականացվում են մեր դեմ»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան կխրվի «սիրիական ճահճում, ինչպես ԻՊ գրոհայինները»:
«Ժողովրդավարական միություն» կուսակցությունը սիրիաբնակ քրդերի ամենամեծ քաղաքական կազմակերպությունն է: Նրա ակտիվիստները կազմում են քրդերի ինքնապաշտպանության ջոկատների կորիզը:
Ըստ Մուսլիմի, «Թուրքիան գնալով ավելի խորն է խրվում սիրիական ճգնաժամի ճահճի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու»:
«Կարծում եմ, թուրքերը մեծ կորուստներ կունենան այս պատերազմում: Սիրիայի ժողովրդի մեծ մասը, «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» կոալիցիան և Ջարաբլուսի ռազմական խորհուրդը դեմ են թուրքական ներխուժմանը»,-ասել է նա:
«Թուրքիան բոլոր այս տարիներին կռվել է ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» և այլ խմբավորումների գրոհայինների ձեռքերով: Անմիջական զինված միջամտությունը մեծ կորուստներ կբերի Թուրքիային»,-ասել է քուրդ քաղաքական գործիչը:
Ջարաբլուսի մատույցներում կուտակված են թուրքական բանակի զրահատանկային միավորումները: Ավելի վաղ թուրքական NTV-ն հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին Սիրիայի հյուսիսում գործողություն սկսելու մասին: Հայտնի է, որ արդեն սիրիական սահմանն են հատել հատուջոկատայինները: Ահաբեկիչների դիրքերին հասցվում են տանկային, հրետանային և օդային հարվածներ:
Ընթերցեք նաև. Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան ցանկանում է ԻՊ-ին փոխարինել այլ ահաբեկիչներով