Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:
Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի լույս 24-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում: Լացիո և Մարկե շրջաններում 45 մարդ է զոհվել: Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում:
6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:
Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: