31 օգոստոսի 2016 - 12:47 AMT
Սևանը` ԱՊՀ-ում ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի հնգյակում

Սևանա լիճն ընդգրկված է ԱՊՀ երկրներում ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված ուղղությունների 5-յակում: Այդ տվյալները ներկայացրել է հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը` ամփոփելով ռուսաստանցիների ամառային հանգիստն ԱՊՀ երկրներում:

Ռուսաստանցիների նախընտրելի հանգստավայրերի 5-յակում են նաև Իսսիկ Կուլը (Ղրղզստան), Բորովոեն (Ղազախստան), Նարոչը (Բելառուս), Լյանկարանը (Ադրբեջան, Կասպից ծով):

Վարկանիշը կազմվել է ըոտ հյուրանոցների որոնման ու ամրագրման 2016-ի հունիսի 1-ից օգոստոսի 30-ը: Սևան հիմնականում այցելել են 1,5 օրով, Իսսիկ Կուլ` 10 օրով:

Ըստ RoomGuru.ru-ի, ռուսաստանցիների ամառային ուղևորությունների քանակն ԱՊՀ երկրներ 2015-ի ամռան համեմատ աճել է 10 տոկոսով, իսկ բնակության համար զբոսաշրջիկները ծախսել են միջինը 3,6 հազար ռուբլի օրական` $55:

Հյուրանոցների որոնման ծառայությունը նաև կազմել է ԱՊՀ երկրների նախընտրելի ցուցակն ամառային ուղևորությունների համար, որը գլխավորում է Մինսկը: Առաջին տասնյակում են նաև Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Բիշքեկը, Վիտեբսկը, Քիշնևն ու Տաշքենդը:

Զբոսաշրջիկներն ամենաէժանն են համարել Բիշքեկը, ամենաթանկն` Աստանան:

Ավելի վաղ ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում էին զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Հայաստանն առավել էժան ուղղությունն էր համարվել ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթն արժեր 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի:

Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը արժեր մոտ 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: