Իրաքի հյուսիսում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի խորհրդականը` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի արդյունքում: Այդ մասին իրաքյան Al Sumaria հեռուստաալիքին է հայտնել Քրդստանի հայրենասիրական կուսակցության (PUK) ներկայացուցիչ Գիյաս Սուրջին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ կուսակցության ներկայացուցչի, բացի Ալ Բաղդադիի խորհրդականից, որի անունը չի նշվում, սպանված ահաբեկիչների թվում է նաև ԻՊ «Խալիֆաթի կորյունները» ստորաբաժանման հրամանատարը, որի շարքերում կռվում են ահաբեկիչների կողմից ներգրավված դեռահասները, հայտնել է Սուրջին ալիքին:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: